“Էվելին” վերլուծություն

Ստեղծագործությունը ընթերցելիս  հոգումս ինչ-որ խառնաշփոթ էր։  Մտովի տեղափոխվեցի  Անգլիայի գորշ իրականություն, որը տիրում էր Էվելինի սրտում։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ աղջիկը հասցրել էր փորձել կյանքի դառնությամբ լցված օրերը։ Քաոս էր տիրում, քաո՜ս, թե՜ նրա հոգում, թե՜ տանը, թե՜ դրսում։ Թողնելով մեզ անորոշ ավարտ, հեղինակը տալիս է հնարավորություն յուրովի շարունակել և ավարտին հասցնել Էվելինի ճակատագիրը։ Իմ տպավորություններից հետևություն անելով՝ ավարտը կլիներ հետևյալ կերպ. անորոշության մեջ լինելուց հետո Էվելինը կսթափվեր և  խենթի պես կհետևեր Ֆրենկին։ Նա շատ շփոթված կլիներ, սակայն ժամանակը կաներ իր սև գործը և մոռացության կհանձներ բոլոր հույզերը և անհանգստությունները, որոնք անխղճորեն փոթորկում էին երիտասարդ Էվելինի սիրտն ու հոգին։ Սակայն մենք հասկանում ենք, թե ինչ ավարտ էր իրականում պատրաստված հեղինակի կողմից Էվելինին։ Նա դժբախտացրեց աղջկան՝ վերադարձնելով իր հին  ապրելակերպին և դատապարտեց հոգու  պարտության։ Փախչելով խնդրից՝ նա չլուծեց այն, պարզապես հետաձգեց իր որոշում կայացնելու պահը։ Կարծես թե ինձ համար մի շատ օգտակար բան քաղեցի՝ վճռականորեն որոշում կայացնելու նուրբ արվեստը։ Մտածում եմ, որ նրա մնալու պատճառը ո՛չ հայրն էր, ո՜չ էլ մորը տված խոստումը, պարզապես մարդկային վախը և կամքի թուլությունը. նա պատրաստ չէր պատասխանատվություն կրել և հպարտ դուրս գալ կյանքի հետ մղված ճակատամարտում։ Էվելինը  դարձավ ինձ համար ճահճի խորհրդանիշ։ Այդ ճահիճը պատրաստ չէր վերափոխվել գեղեցիկ լճակի, ինչպես և Էվելինը պատրաստ չէր սկսել նոր կյանք և թեկուզ հեռվից հեռու օգնել հորը և, ինչու ոչ, միգուցե վերադաստիրակեր նրան։ Պարզապես ինչ-որ սուտ հույս էր փայփայում աղջնակը, կամ էլ վախեցել էր, որ Ֆրենկի հետ ամեն ինչ ավելի վատ կարող է ավարտվել։Միգուցե և էդպես, բայց ամեն դեպքում, հաշվի առնելով իր դառը կյանքը, չեմ կարծում, որ եթե հանկարծ Ֆրենկը չլիներ իդեալ, ամեն ինչ ավելի վատ կլիներ քան տանը։

Կյանքը տրվում է մի անգամ և պետք չէ վախենալ ինչ-որ բան փոխելուց դեպի լավը, դեպի նորը, կամ կատարելագործվածը։ Պետք է փորձել հնարավորինս պատվով դուրս գալ ամեն փորձությունից և ամեն տեսակի կայացրած վճռից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *